10 июл. 2012 г.




17 янв. 2012 г.

                <<Կինը   մի  գաղտնիք  է, որի  բանալին  յուրաքանչյուր  անգամ  նորից  պետք  է  ստեղծել, ըստ  որում, նրա  բարոյական  կազմությունը  ոչ  մի  տեսական  օրենքի  չի  ենթարկվում ...>>             / Մուրացան /

18 дек. 2011 г.

     Ես  կանգնած  եմ  կյանքի  այն  կամրջի  վրա, որտեղից  պարզ  տեսնում  եմ  մի  վատնված  երիտասարդություն, որի  համար  տանջվում  եմ  այնպես, ինչպես  կտանջվի  մի  թևով  թռչունը ...


    Կյանքիս  դաժան  դեպքերը  հանդարտեցրել  են  իմ  երիտասարդական  ոստոտուն  արյունը...


     Ֆանտաստիկ  կանանց  զգացմունքների  մեջ  չկա  ոչ  մի  ուրախություն  և  պարզություն...


     Ամոթի  խորհրդանիշ  հանդիսացող  շորեր- կալանավորի  հագուստ / մարդ, որի  ամբողջ  հանցանքը  միայն  խոսքի  կամ` մտածելակերպի  մեջ  է  արտահայտվում.../...


     Այո, ծանր  է  մարդկանց  երջանկության  համար  աշխատել ...


     Արվեստը  բնության  պատկերումն  է, իսկ  բնությունը  գերազանցապես  մարդկային  մարմինն  է, մերկությունը, որը  հակառակ  է  օրգանական  կյանքի  բոլոր  հայտնի  օրենքներին  ու  անասունների  գոյության  անհրաժեշտ  պայմաններին ...

28 нояб. 2011 г.

    ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ



Այն  պահին, երբ  ես  մոլոր  ու  տխուր
Լուռ  քայլում  էի  կյանքի  ճամփեքով ,
Երբ  տատասկ  սիրտս  աղերսում  էր` < ջու~ր > ,
Իսկ  միտքս  ձգվում  հեռու  եզերքով ,
Երբ  պարզ  երկինքը  քահանայի  սև
Սքեմ  էր  հագել  ու  դեմքը  ծածկել ,
Երբ  հույսս  որպես  մի  թռչուն  անթև
Երկնքից  ընկել, կուրծքն  էր  փշրել ,
Դու  հայընվեցիր  ու  քո  հայտնությամբ
Ինձ, իմ  հրեշտակ, նոր  կյանք  բերեցիր ,
Քո  սուրբ  անունով  սիրտս  կնքեցիր ...


  Կյանքի  իրականությունը  թեև  ունի  խոչընդոտներ, բայց  գեղեցիկ  է, հրապուրիչ...և  եթե  այն  փոփոխական  չլիներ, կդադարեր  ընդհանրապես  հետաքրքիր  լինել ...

13 нояб. 2011 г.

     Խորհուրդը  և  խրատը  մարդու  ուղեկիցներն  են...Կյանքը  ամենամեծ  պայքարն  է  բնության  մեջ ...ուստի  նա  կապրի  և  կհաղթի, ով  որ  ընդունակ  կլինի  պայքարելու  և  հաղթելու  ...

12 нояб. 2011 г.

     Զարմանալի  հավատ  ունեմ  ազատության  նկատմամբ...Դա  փրկում  է  ինձ  վերջնական  կատաստրոֆայից ...

2 нояб. 2011 г.

Արվեստագետը  պետք  է  կյանք  ներշնչի  իր  երևակայության  մեջ ...

Առաքինի  մարդը  միշտ  երջանիկ  է  լինում ...

Հույսը  երազական  ցնորքն  է ...Մարդու  երևակայության  վրա  այն  սաստիկ  ազդեցություն  է  գործում...

Ինքնախաբեությունը  բարոյական  ինքնասպանություն  է ...

Նյութական  կորուստը  կարելի  է  վերադարձնել, իսկ  հոգևոր  կորուստն  անդառնալի  է ...






23 окт. 2011 г.

     <<Սերն  այն  չէ, ինչ  մարդիկ  սովոր  են  անվանել  սեր, այսինքն` շոշափել  առարկայականը...Սեր  չէ  կինը, որի  հետ  խոսում  ենք, բացատրվում, վիճում` նորից  վիճելու  ու  նորից  հաշտվելու  համար...Սեր  չէ  կինը, որին  գրկում  ենք,  համբուրում, պաշտում, որպեսզի  վայելենք  ու  վայելում  ենք, որպեսզի  ապականենք...Ոչ, դա  չէ  սերը...Սերը  երազ  է  ու  երազ  էլ  պետք  է  թողնել...Սերը  հավիտենական  է, անջնջելի, անմոռանալի, բայց  և...անճաշակելի...Այն  մի  շող  է, որը  չի  մարում, բայց  և`  չի  որսվում, որպես  թռչուն...մի  գաղափար, որը  չի  հնանում, բայց  և`  չի  գործադրվում, ինչպես  մարմնավոր  վայելքի  միջոց...մի  միտք, որը  չի  յուրացվում  և  մարմնանում...Սոսկալի  է  նրա  պահանջը, բայց  և`  հաճելի, անսահման  հաճելի  և  անսահման  թունավոր...Պայքարել` երբեք  չհաղթելու  ու  ձգտել` երբեք  չհասնելու  համար...Այն  դրամա  չէ, որն  ունի  հանգույց, ընթացք  ու  վախճան...Դա  մի  տրագեդիա  է` առանց  միջարարների  ու  դադարների...Այն  ունի  միայն  սկիզբ  և  երբեք` վախճան, միայն  ծնունդ  և  երբեք`  մահ ...>> / Շիրվանզադեից հոգեհարազատ տողեր /




     ՍԵՐ ...իմաստ, որը  փնտրում  է  անկեղծության  փոխադարձություն  և  ապագա  կյանք ...




     Մի  գուցե  ձեր  վիշտը  թեթևացնեմ  իմ  հետաքրքրությամբ ?...Կարող եմ  ձեզ  որևէ  հոգեկան  օգնություն  պարգևել ?...Ինչ  եմ  ես  ձեզ  համար  ...իհարկե, մի  երեխա, որը  դյութվել  է  գեղեցկության  փայլից, բարոյական  արժանիքներից...Դուք  ուրիշ  բան  չեք  կարող  անել, քան  քայլել  իմ  հոգու  ծաղիկների  վրայով, իսկ  իմ  ողջ  երջանկությունը  կլինի  տեսնել, թե  ինչպես  են  դրանք  տրորվում  ձեր  ոտքերի  տակ...Մի  թե  ամենաթույլ  զգացմունքը  կարող  է  հաղթել  ամենաուժեղին ?...
     Սիրահարված  մարդը  ձուլվում  է  սիրո  առարկայի  հետ  ու  հավիտենական  երազի  մեջ  ընկնելով`  սավառնում  աշխարհի  վրա, աստղալից  ու  երջանիկ  երկնքի  խորհրդավոր  միայնության  տակ...  Օրորվում  ` հեռու  բոլոր  շշուկներից...ամփոփվելով  ու  շոգիանալով  այնտեղ ...

14 окт. 2011 г.

     Ինչքան  լավ  է, երբ  մարդ  հեռու  է  թախծոտ  մտածմունքներից...նա  այդ  դեպքում  մի  ազատ  թռչնակ  է  գարնան  գունավոր  մթնոլորտում...


     Ո~Վ  ՄԱՐԴԿԱՅԻՆ  ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐՔԱՆ  ԳԵՂԵՑԻԿ  ԵՍ  ԴՈՒ  ԳԱՐՆԱՆ  ԳՐԿՈՒՄ ...

9 окт. 2011 г.

     Կյանքի  գեղեցկությունը  միշտ  էլ  դժվար  է  եղել  գտնել, որովհետև  այն  նույնպես  փոփոխական  է, ինչպես  կյանքը ...Բայց  փնտրիր, որ  գտնես  ու  վայելես  այն...որ  կյանքի  մոխրագույն  պատկերը  քո  փայլուն  աչքերի  հավերժական  սեփականությունը  չդառնա...չէ  որ  գեղեցիկի  ներշնչման  ճաշակումը  մարդուն  գեղագիտական  հաճույք  պատճառելուց  բացի  տալիս  է  նաև  ՀՈԳԵԿԱՆ  ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ...Այո, դա  անվիճելիորեն  այդպես  է,  և  դա  իմ  սեփական  համոզմունքն  է ...

29 сент. 2011 г.

     Սերը  մարդու  զգացմունքների  ամենաակտիվ  արտահայտությունն  է ...   


     Մարդկային  ամենամեծ  արժեքը  ՄԱՐԴՆ  է...Երկրագնդի  վրա  կյանքը  արժեքավոր  դարձնելու  համար  նախ  և  առաջ  մարդուն  պետք  է  արժեքավոր  դարձնել ...


    Մարդուն  պետք  է  ճանաչել  անձով, հասկանալ  էությամբ, այլ  ոչ  թե` անցյալով ...


    Ավազակը  մի  բողոք  է  հասարակության  անկարգ  կազմակերպության  դեմ...

    Ոճիրները  կտևեն  այնքան  ,որքան  հարատևում  է  նախկին  խավար  մարդկությունը ...


    Ծռված  ծառը  անհնարին  է  ուղղել, եթե  այն  տարիներ  շարունակ  աճել  ու  հաստացել  է ...
     Չգիտեմ` ինչու, տրամադրությունս  մռայլ  է ...Սիրտս  գնդակի  թռիչքների  նման  կծկումների  մեջ  է   ընկնում ... Ոչնչի  ցանկություն  չունեմ ...Գիրքը, որն  իմ  սփոփանքն  է  եղել  տարիների  ընթացքում, ոչնչով  ինձ  չի  գրավում...
     Անհանգիստ  եմ, ինչպես  սնդիկը...Ինչ  որ  սառը  ծանրություն, թուլություն  է  մտել  մեջս...աչքերս  զայրույթից  մրմռում  են...քթերիցս  կարծես  կծու  մուխ  է  կախված...Շնչում  եմ  անհանգստություն...Չգիտեմ,թե  ոնց  կվերջանա  տհաճ  կաշկանդվածության  սարսափելի  ժամանակաշրջանը ...
     Նորից  ազատության  հույսի  ուրվականը  անհետացավ  պատկերներիս  միջից...

17 сент. 2011 г.

    Ազատության  վայելքը  գերագույն  հաճույք  է  պատճառում  մարդուն...Դժվար  թե  կապանքներ  չտեսած  մարդը  համաձայնվի  ինձ  հետ ...
     Թշվառությունը  դառնացնում  է  մարդուն, ստիպում  մոռանալ  երջանկությունը, մոռանալ  լավը, դառնալ  անհավատ...Թշվառությունը  մի  դպրոց  է  իսկական...ես ինքս  շատ  եմ  տեսել  թշվառություն, բայց  աշխատում  եմ  չկորցնել  այն  լավը, ինչ  որ  կա  իմ  մարդկային  հոգում...


    Մարդը  որքան  էլ  չարագործ  լինի, դարձյալ  ընդունակ  է  զղջալու, բարի  դառնալու . դրա  մեջ  է  մարդու  առավելությունը  գազանից: Գազանը  բնությունից  է  ծնված  գազան  լինելու ...Իսկ  մարդը  հանգամանքներից  է  դառնում  գազանային...Առավել  բարեհաջող  հանգամանքները  կարող  են  փոխել  նրան  դեպի  լավը ...


   Տրամադրությունս  երբեմն  դառնում  է  գունավոր, անբռնազբոս, շարժումներս` վերին  աստիճանի  ազատ . կյանքի  շուրջ  ոչինչ  չեմ  մտածում, քանի  որ  նա  իմ  մասին  երբեք  չմտածեց...ինձ  ժամանակ  չտվեց  կողմնորոշվելու ...


     Ազատության  տենչը  հալվել  է  իմ  մեջ...և  եթե  մարդիկ  ինձ  չհիշեցնեն  ազատության  մասին,  ու  չներշնչեն  նրա  լավ  կողմերը, ինքս  մտադիր  չեմ  նրան  ցանկանալ...Անհաջողությունները  իմ  կյանքի  ամենամոտ  ընկերներն  են  դարձել...

5 сент. 2011 г.

     Ժամանակ  առ  ժամանակ  ես  գողանում  եմ  ձեր  մի  մասնիկը, համբուրելու  համար  ձեզ  եմ  պարզում  իմ  աչքերը, որոնք այնքա~ն  արտասվել  են ...
     Ես  ապրել  եմ  ահավոր  օրեր ...Վիշտը  խեղդում  է  ինձ  օձի  նման ...
     Երիտասարդ  հասակում  մարդիկ  ապրում  են  ոչ  այնքան  սրտի   պահանջներով, որքան` կրքով ...Նրանք  կարող  են  սիրել  հեռվից` նամակներով, խոհերով, զմայլագին  երազներով ...որովհետև  զգում  են, որ  կյանքը  դեռ  առջևում  է :Ծեր  հասակում  սերը  դառնում  է  հիվանդի  սովորություն, հոգու  վիրակապ, իսկ  հոգին , ունենալով  միայն  մեկ  թև , այնպես  բարձր  չի  սավառնում  իդեալի  մեջ ...Սիրտն  այդ  ժամանակ  չունի  զմայլանքներ, այլ  ունի  միայն  եսասիրական  պահանջներ ...Չպետք  է  ժամանակ  կորցնել  վայելելու  համար  այն, ինչ  դեռ  մնում  է  քեզ  համար ...

     Կյանքը  մի  անհեթեթ  իրարանցում  է ...Այն  նման  է  փրփուրի , թթխմորի , մի բանի, որը  շարժվում  է  և  կարող  է շարժվել ...մի  րոպե , մի  ժամ , մի  տարի ,հարյուր  տարի , բայց  դատապարտված  է  ի  վերջո  դադարելու ...

     Մարդը  բնականից  խաղամոլ  է , իսկ  կյանքը  նրա  ամենախոշոր  խաղագումարն  է ...

     Երբ  կյանքը  մեկ  մազից  է  կախված , ապա  դա  յուրահատուկ  գրգիռ  է  հաղորդում  մարդուն ...Որքան  մեծ  լինի  վտանգը , այնքան  մեծ  կլինի  գրգիռը ...Այդպիսով , ծայրահեղ գրգռականությունը  երկկողմանի  է  լինում . նման  մարդու  կյանքն  ավելի  հարուստ  է  ապրումներով...

    Մարդն  իսկապես  հանգստանում  է  այն  դեպքում , երբ  ձուլվում  է  շրջապատի  հետ : Իսկ  ձուլվել  կարող  է  միայն  այն  ժամանակ , երբ  նրա  հոգին  ու  բնությունը  միասին  իրար համապատասխան  ներդաշնակություն  ունեն ...
    

     Ամուրի  մարդու  կյանքն  ընդհանրապես  անտանելի  է...Ամուրին  պետք  է  լինի  երիտասարդ, հետաքրքիր, ագահ` կյանքի  նկատմամբ...Ամուրի  մարդիկ  ծեր  հասակում  սկսում  են  բարեկամություն  < մուրալ > ...

4 сент. 2011 г.

    Անընդհատ  ողբալ  ծանր  վիճակի  վրա - ընդհանրապես  հիմարություն  է, ինչպես  և  հիմարություն  է  անընդհատ  ուրախանալ  լավ  վիճակի  վրա : Մի  թե  սովորական  տառապանքը  մարդու  ուղեղում  կարող  է  մշտնջենական  հավիտենականությամբ  ներգործել ...իհարկե` ոչ...նույնը  և` ուրախության  նկատմամբ ...
    Առավոտյան  ժամը  10-ին  մի  գունավոր  ծիտ  եկավ, մտավ  բարաքը : Ես  նրան  բռնեցի, պոչը  քաշեցի  ու  բաց  թողեցի...Այն  թռավ, գնաց  պարսպից  դուրս, նստեց  կանաչ  մի  բարդու  վրա  ու  սկսեց  ուրախ  ծլվլալ...Հազա~ր  երանի  նրան .../ 10.07.1962թ. /

3 сент. 2011 г.

    Ծեծը  դաստիարակման  վատ  միջոց  է : Այդ  միջոցը  գրգռում  է  մարդուն, չարացնում  նրան, լցնում  զայրույթով, մղում  ավելի  վատ  արարքների...Իսկ  որքա~ն  ուժեղ  է  կենդանի  հատու  խոսքը : Միայն  այդ  խոսքն  է, որ  դաստիարակում  է  մարդուն,  և  այդ  ճշմարտությունը  շատերը  չեն  հասկանում...Խնդրում  եմ, միջոցներ  ձեռք  առեք  ծեծով  մարդկանց  < վերադաստիարակելու >  փորձերը  խափանելու  ուղղությամբ...Թող  կենդանի  խոսքը  չկորցնի  իր  հմայքը  և  ուժը...

29 авг. 2011 г.

    Աղքատությունը  սրում  է  միտքը, ստիպում  միջոցներ  որոնել  նրա  խափանման  համար. նա  ազնվացնում  է  սիրտը` ուղղելով  միտքը, ունայն  հաճույքներից  դեպի  համբերություն, անձնվիրություն, համակրանքի  առաքինությունները` դեպի  ուրիշների  կարիքն  ու  դժբախտությունները...

    Աղքատությունը  զրկում  է  մտավոր  զարգացման  միջոցներից, խանգարում  ինքնության զարգացմանը, դրդում  է  կյանքի  ուղղակի  պահպանման  համար  միջոցների  մեջ  խտրություն  չդնել...Այն  տգիտության  արարքների  ու  հանցագործությունների  գլխավոր  աղբյուրն  է ...

    Կարիքը  ահռելի  գազան  է ...նրա  հրամանը  գործադրվում  է  շատ  ավելի  արագ, քան  աշխարհի  ամենաահարկու  բռնակալինը...

    Կարիքը  անզգայնացնում  է  խիղճն  ու  միտքը, հոշոտում  սիրտը, խանգարում  ուղեղը, ջնջում  բոլոր  սահմանագծերը, ծախու  հանում  երեկվա  բոլոր  սրբությունները, հոգին, մարմինը, մարդուն  վերածում  հրեշի, ուժ  է  հաղորդում  տկար  բազուկին, որ  դաշույնը  խրի  իր  եղբոր, անգամ` իր  սեփական  սիրտը...

     Կարիքը  մարդուն  մերկացնում  է  բոլոր  առաքինություններից, դարձնում  մանրուքների  գող, կամ` մեծահամբավ  ավազակ, ստորին  կարգի  լրտես  և  էժանագին  պոռնիկ...


    Հոգու  դողը  կաթում  է  հոգու  կամ   մարմնի  ցավից, վերքերից, կսկիծից ...


    Անհրաժեշտությունը  տրամադրության  հետ  կապ  չունի ...

    Մարդը  մի  վարագույր  է  երկաթյա,որին  կգտնես  ամեն  մի  գույնի  հետ  հարմարվելիս . նա  գիտի,թե  որ  դերում  որ  գույնի  հետ  ինչ  շոր  հագնի, դեմքի  ինչ  արտահայտություն  ընդունի...Իսկ  այդ  երկաթյա  վարագույրը  հեշտ  չի  բացել  և  մարդկանց  ներաշխարհը  ուսումնասիրել ...

    Մարդկային  կյանքի  խնդիրները  լուծելու, քո  կարծիքները  հաստատելու  համար  դու  ծախսում  ես  երիտասարդ  կյանքիդ   քաղցր  օրերը :Իսկ  այդ  օրերը  երբեք  ետ  չեն գալու...Որքան  դժվար  է  հիշել, թե  ինչպես  անցան  դրանք...Ուստի  աշխատիր  սկզբից  ևեթ  չկորցնել, քանզի  դրանք  նույնպես  գտնել  չես  կարող, ինչպես  կորցրած  խիղճը  օվկիանոսի  հատակում, կամ`կրակի  բոցերի  մեջ...

    Դու  անգիր  արա  այն  երգերը,որոնք  դուր  են  գալիս  մարդկանց...դա  մոտեցնում  է  այն  նպատակին , որին  ինքդ  ես  ձգտում, այլապես  նպատակի  իրագործումն  անհնարին  կդառնա...

    Մի  լացիր  այնտեղ, որտեղ  մարդիկ  ուրախանում  են  և  մի  ուրախացիր  այնտեղ, ուր  վիշտն  է  թագավորում, այլապես  մարդիկ  կարգելեն  անգամ  քո  շնչած  օդը...

    Կյանքի  դժվար  ուղին  հաղթահարելուց  հետո  դու  ոչ  միայն  կմարզես  միտքդ, այլ  հարուստ  փորձառություն  ձեռք  կբերես, ինչը  կլինի  վահան  կյանքի  հարձակումներից  պաշտպանվելու  համար ...

    Մարդը  նույնքան  ընդունակ  է  բարեգործություն  անելու, որքան  և` ոճիր...Նա  մարդկության  համար  մի  դև  է, նրա  հաճույքը  նման  է  բռնակալի  կացնի  հարվածին, որ  պտուղները  քաղելու  համար  տապալում  է  ծառը :

    Մարդուն  միայն  հավատարիմ  է  մահը : Ցույց  տուր  այն  մարդուն, որին  երբևէ  դավաճանել  է  մահը ...

    Մարդը  ձևացնում  է, թե  հասկացողություն  ունի, մինչդեռ` ոչ  մի  զգացմունք  էլ  չունի. նա  ավելի  շատ  զբաղված  է  մարսելով, քան` մտածելով ...




28 авг. 2011 г.

    Ինչ  է  սերը ?...այն  չպետք  է  փնտրել  լոկ  գունավոր  խոսքերի  ու  արտահայտությունների  մեջ...Այն  անվիճելիորեն  պետք  է  տարբերվի  գազանային  ու  անասնական  սիրուց: Մարդկային  սերը  պետք  է  կապված  լինի  գիտակցության  հետ, սիրո  հետ  միահյուս  լինի  համակրանքը...Միայն  այդ  դեպքում  է  երկու  էակների  մեջ  գերիշխելու  ներդաշնակությունը, փոխըմբռնումը, որոնք  խոչընդոտների  հաղթահարման  անհրաժեշտ  զենքն  են: Թե  չէ` միայն  սերը  համարում  եմ  անբավարար . ինչի  է  նման  գեղեցիկ  խնձորը, եթե  այն  ոչ  համ  ունի  և  ոչ  էլ` հոտ ...