Իմ բարեփոխումները

                            ՍԻՐԱՅԻՆ  ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ  ԿՈԼԵԳԻԱՅԻ  ՈՐՈՇՈՒՄ


     1. Այն  ամուսիններին, որոնք  երկու  տարուց  ավել  համատեղ  ապրել  են  և  չունեն  օրինական  ժառանգ, ճանաչել  մեղավոր,  որպես  խափանված  արտադրության  ու  ենթակել  քրեական  պատասխանատվության  Քր. օրենսգրքի 124  հոդվածով,  որպես  իրենց  պարտականությունների  կատարման  գործում  անհոգի  վերաբերմունք  ցուցաբերողի  :


    2. Այն  տղամարդկանց, ովքեր  զգացմունքները  մեռցրած` անտարբեր  են  նայում  գեղեցիկ  կանանց, ենթարկել  պատասխանատվության  Քր.  օրենսգրքի  148  հոդվածով, որպես  պետական  ու  հասարակական  < գույքի > նկատմամբ  անտարբեր  նայողի :


    3. Երեսուն  տարին  լրացած  այն  աղջիկներին, որոնք  ընտրության  պատճառով  չեն  ամուսնացել, ենթարկել  պատասխանատվության  Քր.  օրենսգրքի  110  հոդվածով  և   որպես  < չվաճառվող  ապրանքանյութական  արժեք >  ուղարկել  վերամշակման, իսկ  ստացված  պատրաստի  արտադրանքը  վաճառել  50  տոկոս  զեղչով :


     4. Այն  տղամարդկանց, ովքեր  ամուսնացել  են  պատահական, կամ`  գաղտագողի, ենթարկել  պատասխանատվության  Քր.  օրենսգրքի  165  հոդվածով, որպես  ժառանգական  պարտքը  ծնողի  հանդեպ  չկատարողի :


     5. Այն  երիտասարդներին, ովքեր  անհարգելի  ուշացել  են  ժամադրության  վայրից  ու  չեն  ներկայացել  ժամանակին, ենթարկել  պատասխանատվության  Քր.  օրենսգրքի  166  հոդվածով, որպես  սահմանային  կարգը  խախտողների  ու  զրկել  տեսակցության  վայրից  1  տարի  ժամանակով :


     6. Այն  կանանց, ովքեր  իրենց  գրավիչ  աչքերն  օգտագործում  են,  որպես  սառը  զենք  տղամարդկանց  ահաբեկելու  և  ազդելու  համար, ենթարկել  պատասխանատվության  Քր.  օրենսգրքի  214  հոդվածով, որպես  սառը  զենքի  մշտական  օգտագործողի :


     7. Այն  տղամարդկանց, ովքեր  տարվելով  առանձին  կանանց  սիրով , ապօրինաբար  սեր  են  որսում  պատահական  հանդիպումներից, ենթարկել  պատասխանատվության  քր.  օրենսգրքի  160  հոդվածով, որպես  արգելված  վայրում  մուտք  գործողների ...


                                                          ՆՈՐ  ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



     Ես  պետք  է  խոսեմ  կալանավորների  դաստիարակման    հարցի  շուրջ: Մեզ  մոտ  շատ  են  խոսում  կալանավորների  վերադաստիարակման  մասին, բայց  տարվող  աշխատանքները  միանգամայն  նողկալի  և  անհանդուրժելի  բնույթ  են  կրում :Կարգ  խախտողների  նկատմամբ  կիրառվում  են  պատիժներ, որոնք  տեղին  են  և  անհրաժեշտ...Բայց  ծեծը...պատժի  այդ  ձևը  վաղուց  է  վերացված / այդպես  նշում  են  մեր  օրենքները / ,սակայն  այն  դեռևս  գոյություն  ունի  մեզ  մոտ : Ցավոք  սրտի, դա  ճշմարտություն  է : Ես  գրքերում  էի  կարդացել  դահիճների  մասին  և, չտեսնելով  նրանց, ատել  էի  ամբողջ  հոգով ...Այստեղ  ես  տեսա  արարածի, որը  հիշեցնում  է  կարդացածս  գրքերի  դահիճներին` սովետական  զինվորի  կերպարանքով ...Խնդրում  եմ, լուրջ  վերաբերվեք  իմ  խոսքերին  և  գրածս  չհամարեք  հիվանդ  ուղեղի  ծնունդ...Այդ  դահիճի  հարվածները  ես  զգացել  եմ  սեփական  մաշկիս  վրա ...
     Բոլորին  է  հայտնի, որ  ծեծը  դաստիարակման  վատ  միջոց  է...այն  ավելի  է  գրգռում  մարդուն, չարացնում  նրան, լցնում  զայրույթով, մղում  ավելի  վատ  արարքների...Մինչդեռ, որքան  ուժեղ  է  կենդանի  հատու  խոսքը...Միայն   այդ  խոսքն  է, որ  դաստիարակում  է  մարդուն...Բայց  կան  անձնավորություններ, որ  դեռ  չեն  հասկանում  այդ  ճշմարտությունը...Խնդրում  եմ, միջոցներ  ձեռնարկել  <<ծեծով  մարդկանց  վերադաստիարակման>> փորձերը  խափանելու  համար ...Թող  կենդանի  խոսքը  չկորցնի  իր  հմայքն  ու  ուժը...

                 Հուսով  եմ, որ  այդպիսի  միջոցներ  կձեռնարկվեն  ձեր  կողմից...Սպասում  եմ  պատասխանի ...
                                                Հարգանքներով`  կալանավոր  Պուշկին 1