Իմ պատուհանից

                                                               ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...


     Որքան  շատ  եմ  մտածում, այնքան  կյանքն  ինձ  զարհուրելի  է  թվում...Կյանքի  ծանրության  ահռելի  ուժը  սոսկումի  հառաչանք  է  առաջ  բերում ...Երիտասարդությունս  սին  անցավ ...Ես  փոշիացնել  տվեցի  իմ  երիտասարդական  վարդագույն  օրերն  ու  տարիները....Երիտասարդությունը  մտքից  արագ  է  թռչում...Իմ  դպրոցական  ընկերներն  արդեն  ավարտելով  համալսարանը  մի  ոսկեպսակ  ուղի  են  ընտրել, իսկ  ես  ընկել  եմ  մի  նեխած  ճահիճ, որտեղի  մթնոլորտը  այնպես  է  վարակված  տարբեր  հիվանդություններով, որ  շատ  անգամ  չեմ  կարծում, որ  ինձ  կհաջողվի  այնտեղից  կենդանի  դուրս  գալ ...Մարդ  շուն  լինի, բայց  ազատության  մեջ  գտնվի...Ով  է  մեղավոր ???...Ես  չեմ  կարող  գտնել  մեղավորին  , ինչպես  չեմ  կարող  գտնել  երիտասարդությունս ...Կալանավայրը  ՏԱՆՋԱՆՔԻ  ՀՆՈՑ  է ...ուրիշ` ոչինչ ...Մարդիկ  խոցում  են  իրար  ամեն  քայլափոխի...Մեկ-մեկ  նրանց  < սրբերի > տեղ  եմ  դնում ...Որքա~ն  հիմար  եմ  ես ...




    Այսօր  հաշվեցի` ազատազրկման  ժամկետը  կիսվելու  համար  6  ամիս  է  մնացել :5 տարին  լրանալուց  հետո  պետք  է  գնամ  դատարան  և  պատժաչափի  կեսով  ազատվեմ: Զարմանալի  է` արդեն  4  տարի  6  ամիս  է, որ  ազատազրկված  եմ ...Հատկապես  անցածը  չի  երևում...դժվար  անցկացրեցի...Մերժման  օրից  3  ամիս  անց  չկարողացա  խոսել  գեթ  մեկ  դատապարտյալի  հետ...3  ամիս  հետո  նորից  հաշտվեցի  < դատապարտյալի  իմ  կյանքի>  հետ, բայց  ռեակցիոն  տրամադրություններով  էի  լցված  բոլորի  հանդեպ...Այդ  տարվանից  էլ  բնավորությունս  դարձավ  նեղացկոտ, խռովկան,  միտքս  ու  հոգիս  միշտ  լարված  ու  վրեժխնդիր, հուսահատ  ու  անտարբեր`  դեպի  կյանքը: Կյանքն  ինձ  համար  ձանձրալի  ու  անհետաքրքիր  էր...կյանքի  մեջ  տեսնում  էի  դատարկություն, տանջանքի  հնոց, խավար  շտեմարան...Սոսկալի  էր  կյանքի  պատկերն  ինձ  մոտ...



                                                                             ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՍ


    Բնավորությունս  շատ  է  փոխվել...հատկապես  վերջին  տարիներին  չեմ  կարողանում  ոչ  մեկի  հետ  խաղաղ  գոյակցել: Ենթադրում  եմ, դա  նրանից  է, որ  սիրում  եմ  մարդկանց  վրա  ծիծաղել / թե  այդ  սովորությունը  որտեղից  է  մեջս  բույն  դրել` չգիտեմ.../...Դիմացինի  մեջ  նկատածս  բացասական  կողմը  < մի  քիչ >  էլ  ինքս  եմ  զարդարում  և  ասում  յուրաքանչյուրին` հաճախ  ցավացնելով,  կամ` ծիծաղի  առարկա  դարձնելով  նրան...Եվ  դա  կատաղացնում  է  ամենահամբերող  մարդուն  անգամ...Այս  չարաբաստիկ  սովորությունը  այնպիսի  խոր  արմատներով  է  գաղափարս  իրեն  ենթարկում, որ  ես  ինձ  ընդհանրապես  չեմ  կարողանում  գտնել...Ուզում  եմ  վերացնել, հեռացնել  այդ  ախտը, բայց  հնարը  չեմ  տեսնում...

      Հաճախ  է  ձգվում  փոխադարձ  ատելության  շավիղը ...Ինքս  ինձ  հետ  էլ  չեմ  կարողանում  հաշտվել...Կարծես  մեջս  երկու  մարդ  է  ապրում` մեկը  ծիծաղում  է, մյուսը` լաց  լինում ...Ահա  երկու  ծայրահեղ  հակասություն, որոնք, ինչպես  հայտնի  է, իրար  հետ  հաշտվել  չեն  կարող...չեն  կարող  երբեք, ինչպես` ջուրը  կրակի  հետ ...

     Մի  կերպար  եմ  դարձել, որին  չեմ  հանդիպել  և  ոչ  մի  գրողի  մոտ ...


                                                                     ՄԵԿ  ՕՐՎԱ  ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

      1962թ.  մարտի  28-ին  հետաքրքիր  եղանակ  էր...Արև  չէր  երևում...Երկինքը  ողողված  էր  ցերեկվա  պայծառ  լույսով: Փչում  էր  չափավոր  քամի` իր  հետ  բերելով  անձրևի  հատ  ու  կենտ  կաթիլներ, որոնք  սկսեցին  մի  քանի  րոպե  հետո  ավելի  շատանալ...Ուժեղացավ  նաև  սառը  քամին, այս  անգամ  իր  հետ  բերելով  ձյան  հազարավոր  փաթիլներ, որոնք, նախքան  գետնին  հասնելը, հալվելով  օդի  մեջ  և  դառնալով  անձրևի  կաթիլներ, առատորեն  թափվում  էին  մեզ  վրա ...
     Կանաչ  սարերի  գագաթները  նորից  ծածկվեցին  ձյան  բարակ  շերտով ...Քամին  իր  հետ  քարշ  տալով  բերեց  մի  հսկայական  սպիտակ  ամպ, որը  և  փակեց  լույսի  ճանապարհը  դեպի  Քաջարան...
     Օրը  մահանում  էր...մռայլվում  էր  նաև  մարդկանց  տրամադրությունը...Բոլորը  դժգոհում  էին  եղանակի  հանկարծակի  փոփոխությունից...Քամին  գնալով  ավելի  կատաղեց...Ձյան  ու  անձրևի  տհաճ  խոնավությունը  թագավորում  էր  մեզ  վրա...
     Օրը  ահարկու  էր  դառնում...Քամին  վիշապի  նման  սուլելով  իր  ողջ  ուժով  հարձակվում  էր  հավերժական  ձյան  սահմանների  վրա, կարծես  ուզում  էր  նրանց  տեղահան  անել, փշրել  իր  հզոր  բազուկների  մեջ...
     Սարսափելի  քամին  փոխվեց  փոթորկի...Կրկնակի  ուժով  բախվելով  սարերին, հսկայական  ավելի  նման  սրբելով  ձյունը , այն  ձորերը  լցնում   էր  ահռելի  մռնչյունով...Վերջապես  նրան  հաջողվեց  մի  ժայռակտոր  պոկել  լեռան  վրայից  ու  շպրտել  անդունդը...որն  էլ  մի  քանի  պտույտ  գործելով`  կորավ անհատակ    խավարի  մեջ.../ 12.04.1962թ. /


                                                                               Խղճի  խայթ ...



     Խիղճս  տանջում  է  ինձ, երբ  հիշում  եմ  հորս  դառնացած  աչքերը...
     Կյանքն  ինձ  շոյեց  իր  փշոտ  թաթերով ...                                                                                                                                                                                                                                                                                                                                                    / 24.11.1963թ. /



                                                                             ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....



      11.10.1963թ -----------ինչ  հիանալի  և  ծանր  օր  էր...արևը  լոկ  արտաքին  փայլով  էր  ներգործում...ջերմությունն  այնքան  էլ  բարձր  չէր...Հանձնաժողովը  քննելով  իմ  հարցը  պետք  է  վաղաժամկետ  ազատման  որոշում  կայացներ...Այդ  օրը  մեզ  աշխատանքի  չտարան...Մի  տեսակ  ծանրացած  հոգս  է  ապրում  ներսս...Չեմ  կարողանում  ոչինչ  անել, անգամ` պառկել ...Փորձեցի  զբոսնել  բակում...Կարծես  դա  հաջողվեց...Ամբողջ  8  ժամ  քայլել  եմ  մինչև  հանձնաժողովը  ներս  հրավիրեց...
                                                                                                            ԱԶԱՏՎԵՑԻ ...........
     Բայց  պետք  է  սպասեմ  դատարանին...Նա  կգա  մոտ  15  օր  հետո...Հետաքրքիր  էր` նախքան  ներս  գնալը  կարծես  վիրահատության  էի  գնում...Գլխումս  միլիոնավոր  ենթադրություններ  էին  ծնվում...
     Տանը  կհայտնեմ....թող  բազմաչարչար  ծնողներս  ուրախանան...
     Ընդհանրապես  քայլեցի  15  ժամ...Արտակարգություն  էր  ինձ  մոտ ...




                                                                               ՀԱՅԵԼԻ


      - Ուզում  ես  քեզ  համար  հայելի  նկարեմ ?...
      - Ինչ  հայելի ? ...
      - Այնպիսի  հայելի, որ  կարողանաս  քեզ  մեջը  տեսնել ...
     ...Նա  գնաց  ու  գունավոր  մատիտների  մի  կապոց  բերեց ...



                                                                             ԺԱՊԱՎԵՆ


      _ Ինչու  ժապավեն  չես  կապում ?...
      - Տուր  ինձ  իմ  սիրտն  ու  հոգին ...հետո  կկապեմ ...