Իմ կարոտի աշխարհը ...

                                                                       ԳԱՐՆԱՆԱՅԻՆ  ՖԱՆՏԱԶԻԱ


     Տրամադրությունս  երաժշտական  է ...Տոների  առթիվ  ազատ  եմ  ամեն  զբաղմունքից... Գերադասեցի  ոչ  թե  քաղաքում  թափառել, այլ` բարձրանալ  մեր  խաղաղ  լեռները, որոնց  արտաքին  պատկերը  համընկնում  է  իմ  ներքինին...Այնտեղի  գարնան  ցնծությունը  մագնիսի  անտեսանելի  ուժով  ձգում  է  ինձ ...
     Վաղ  առավոտյան  ճանապարհ  ընկա...Եվ  ահա  իմ  սփոփանքը...իմ  բարձր  լեռները, որոնք  քարացած  դյուցազնի  նման  շարված  են  կողք-կողքի...Ես  այնքան  եմ  սիրում  վազել  նրանց  վրայով, հագեցնել  հակումներս  բնական  հաճելի  հրապույրով...Իսկ  դուք  գիտեք, թե  դա  որքա~ն  զավեշտական  է...Առաջին  հերթին` մարդու  հոգին  է  թարմանում, լցվում  քաղցրաշունչ  թովչանքով, մեղմ  ջերմությամբ, կյանքի  բովանդակ  հեշտանքով ...Եվ  սիրտդ  դառնում  է  հուզումնառատ  թրթիռների  մի  ամբո~ղջ  օվկիանոս...Օ~,  որքան  տարօրինակ  ու  ֆանտաստիկ  ցանկություններ  են  առաջ  գալիս  քո  մեջ.  ցանկանում  ես  վազելով  բարձրանալ  լեռան  գագաթը, գրկել  արևը, նրա  հետ  ներքև` անդունդը  գլորվել, ճախրել  մոլորակի  շուրջ, սլանալ  իտալական  գեղատեսիլ  բնության  բարձունքներով, մի  շնչում  կտրել-անցնել  պատմական  Վենետիկի  100  կղզիները, լինել  Միլանում, կլանել  նրա  երաժշտական  մթնոլորտի  ողջ  պարունակությունը  ու  շվեյցարական  Ալպերի  վրայով  նրա  փոշու  հետ  նորից  ետ   վերադառնալ...
     Այո, ես  էկզոտիկ  հակումներ  ունեմ, որի  պատճառով  երբեմն  տառապում  եմ  սքանչելի  ցնորքներով... Գիտեք, թե  որքան  բազմազան  են  դրանք, որքան` բազմաշունչ, բազմերանգ...Եվ  ես    երբեմն  այդ  ֆանտաստիկ  հմայքի  դեպքում  կյանքի  բաժակից  ըմպում  եմ  ամենահյութեղը, արբենում  վերացական  մտքերի  ներգործությունից  ու  դառնում  իմ  բորբոքված  երևակայության  ստրուկը ...



     Դպրոց...իմ  կյանքի  քաղցր  հուշ...որքան  մոտիկ  էիր,  այնքան  հեռու ~  գնացիր...Ես  քո  պատերին  գնդակի  պես  կպա  ու  հեռացա...



     Այնքան  հետաքրքիր  ապրումների  մեջ  եմ, որ  երբեմն  սիրտս  խաղում  է, երբեմն` թրթռում  կրծքիս  տակ...Այդ  խուտուտ  թրթիռը  այնքան  դուրեկան,  այնքան  երաժշտական  աշխույժությամբ  է  պարուրում  հոգիս, որ  թվում  է, թե  ինձանից  երջանիկ  մարդ  մեր  մոլորակի  վրա  գոյություն  չունի...Հետաքրքիր  է` մարդը  ամենադաժան  պայմանների  մեջ  էլ  կարող  է  իրեն  զգալ , ինչպես  թիթեռը  բնության  ծաղկանոցում...Օ` , մարդը  որքան  անառակ  և` որքան  ընդունակությունների  տեր  կարող  է  լինել...



 


                                                                                  ՀԱՆԵԼՈՒԿ


       Այդ  օրը  արևն  այնքան  դյութիչ  ու  մեղմ  ջերմությամբ  էր  կախվել  երկնքի  բարձունքից, որ  հոգիս  լցվում  էր  անասելի  երաժշտականությամբ... Թվում  էր, թե  ԱՅԴՔԱՆ  ԵՐՋԱՆԻԿ  ԱՊՐՈՒՄՆԵՐ  ԵՐԲԵՎԻՑԵ ՉԵՄ  ՈՒՆԵՑԵԼ...Կարծես  թե  կանխազգում  էի, որ  մի  նորություն  իր  բերկրանքով  պետք  է, որ  պարուրի  էությունս, ինձ  գլորի  ուրախության  ու  հրճվանքի  հոսանքի  տակ  ու  այդպես  շարունակելով  տանի  մինչև  երեկոյան  կախարդական  մթնշաղը...Սրտի  թրթիռով  մոտեցա  նամակների  ցուցակին  և  խուզարկու  հայացքից  հետո  աչքերս  մեխվեց  մի  ազգանվան  առաջին  տառի  վրա ...Կարող  ես  կռահել  պատճառը ?... ՍՊԱՍՈՒՄ  ԷԻ  ԵՎ  ՍՏԱՑԱ  ՍՎԵՏԱՅԻ  ՆԱՄԱԿԸ ...



                                                                                 ՀԱՐԳԵԼԻ  ՍՎԵՏԼԱՆԱ


     Մեր  փոքր  խմբակում  մեծ  հաճույքով  ընթերցեցինք  <<Նվիրեցեք  երջանիկ  սրտերին >>  ձեր  նովել - երազանքը :Ապշեցուցիչ  ազդեցություն  ունեցավ  ձեր  նկարագրած  գարունը  և  այն  անհոգ  ու  գեղեցիկ  կյանքի  վառ  պատկերումը, որից  մենք  զուրկ  ենք  երկար  ու  ձիգ  տարիներ ...Անչափ  ուրախ  ենք, որ  թիթեռի  նման  անհոգ  ու  թեթև  եք  ձեզ  զգում...Եվ  հենց  ձեր  հոգեկան  անդորրն  է  պատճառը, որ  նովելը  գրվել  է  խաղաղ  հոգու  ազնիվ  թելադրանքով...Ինչքան  լավ  է, երբ  մարդ  հեռու  է  թախծոտ  մտածմունքներից...նա  այդ  դեպքում  մի  ազատ  թռչնակ  է  գարնան  գունավոր  մթնոլորտում...
     Ձեր  հոգու  անդորրության  վկան  են  ձեր  սփոփիչ  տողերը...<<Ես  ժպտում  եմ...>>...ինչու,կամ` ինչին ?...Չգիտեմ...ես  ուրախ  եմ, երջանիկ...շուրջս  ամեն  ինչ  այնպես  գեղեցիկ  է  ու  ես...ժպտում  եմ...
     Ախ, որքան  նախանձելի  անդորր  է  թագավորում  ձեր  հոգում...և  ձեր  երջանկությունն  այնքան  շատ  է, որ  ուզում  եք  բաժանել  այն...ինչպիսի~ բարոյական  ցանկություն...Ամեն  ինչ  ձեր  աչքին  գեղեցիկ  է  ու  թարմ...Դա  նրանից  է,որ  ձեր  երիտասարդ  հոգում  նույնպես  գարնան  պայծառ  առավոտ  է, և  ձեր  ազնիվ  հոգուց  Այվազովսկու  նկարած  Սև  ծովի  մրմունջ  կոհակների  մեղմ  սոսափյունն  է  լսվում...Ո~Վ  ՄԱՐԴԿԱՅԻՆ  ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐՔԱՆ  ԳԵՂԵՑԻԿ  ԵՍ  ԴՈՒ  ԳԱՐՆԱՆ  ԳՐԿՈՒՄ ...
     Շատերը  վիճեցին  ձեր  նովել-երազանքի  շուրջ, տարբեր  ենթադրություններ  ու  կարծիքներ  հայտնեցին...Բայց  վերջում , իհարկե,   հաղթեց  նովելը , որովհետև  այն  գրված  էր  գարնան  ներշնչմամբ  ու  բուռն  կրքով...միաժամանակ` արտահայտում  էր  մարդկանց  բարի  ցանկություններն  ու  իղձերը...
     Մաղթում  ենք  երջանիկ  ու  ստեղծագործական  բեղուն  օրեր...


      Դուք  գիտեք, որ իմ ապրումների  աղբյուրը  հանդիսանում  են  այն  լեռները, որոնց  վրա  ես  կանգնած  եմ  լինում...նրանք  նույնպես  բազմերանգ  են  ու  բազմագագաթ, իսկ  գույների  պատճառը  անկասկած  արևն  է...Երբ  նա  անձրևի  նման  իր  ոսկեթել  հյուսվածքները  շաղում  է  երկրի  վրա, այդ  ժամանակ  երկնակամարում  հարյուրավոր  ամպակույտեր  են  լողում` բոլորն  էլ  տարբեր  երանգներով, տարբեր  ֆիգուրներով...Նրանք  իրենց  թափանցիկ  մարմնի  միջով  հյուրասիրաբար  անցկացնում  են  շողերը  ու  գույներով  ազդում  նրանց  վրա  և  ընդունելով  շողերի  գույների  ազդեցությունն  իրենց  նուրբ  մարմնի  վրա` այն   արտացոլում  հուժկու  լեռների  շարասյանը ...
     Դա  մի  հետաքրքիր  պատկեր  է, որի  նկարագրության  համար  դժվարության  եմ  հանդիպում...քանի  որ  այդ  գույները  արտահայտելու  միջոցների  համար  մարդկային  լեզուն  դեռ  բառեր  չունի...



     Իսկ  ծաղիկները, որոնք  խիտ  ցանցով  օղակել  են  մեզ...Օ, որքան  եմ  տարվում  նրանցով...Նրանք  ևս  բյուրերանգ  են, ժպտացող, առաքինի  և  համեստ, հրապուրիչ  ու  դրախտային...Իսկ  թիթեռները...հոգու  այդ  գեղեցիկ  օրինակները  անհամար  են...Նրանք  ծնվելով  առավոտյան արևի  ոսկե  շողերից, ճախրում  են  շուրջդ, փսփսում  ականջիդ...Դու  փորձում  ես  լարել  լսողությունդ, գեթ  մի  հնչյուն  հասկանալու, բայց...զուր  հույսեր...Նրանք  արդեն  ծաղիկների  արբեցուցիչ  նեկտարի  բույրով  կախարդել  են  քեզ, թմրեցրել, ստիպել  մոռանալ  քո  գոյությունը, քո  էությունը...Դու  միայն  շնչում  ես  քո  սառը, անփայլ  աչքերով, նայում  ես  կլանված, անհագ  և  ոչինչ  ու  ոչինչ  չես  հասկանում, ոչինչ  չես  զգում...դու  մոռացել  ես, որ  ունես  մի  ամբողջ  ֆիզիկական  հարստություն` ձեռքեր, ոտքեր, քիթ, ականջ...դա  մի  գործընթաց  է, որ  կարելի  է  անվանել  ԱՆԷԱՑՈՒՄ ...
     Եվ  երբ  հանկարծ  առավոտյան  զեփյուռը  անզգուշորեն  հարվածում  է  դեմքիդ, սթափվում  ես  ափսոսանքով, նայում  ես  քեզ  ու  զգում, թե  որքան  անտաշ  ու  կոպիտ  է  մարդը  բնության  հիասքանչ  տեսարանի  համեմատ...
     Քայլում  ես  առաջ  զեփյուռին  համընթաց, վարանոտ  քայլերով...Ծաղիկները  հեզանազ  շարժումով  կենսախինդ  ու  կոհակաքայլ  հետևում  են  քեզ, ժպտում  և  թովիչ  ու  քաղցր  մեղեդիով  ամենանուրբ  համաչափությամբ, երաժշտական  հարուստ  կոլորիտով  գովերգում    բնության  ազատ  գեղեցկությունը, հզորությունը  ...Որքան  դյութիչ  է  դառնում, երբ  նրանց  ձայնակցում  են  բնության  մյուս  զարդերը`թռչունները...Ինչ  է  կատարվում  մարդու  հետ  այդ  ժամանակ?...նա  վերանում  է  աշխարհի  ծանր  հոգսերից, պարուրվում  մի  անբացատրելի  զգացումով..հոգին  դառնում  է  լույսի  շտեմարան, շլացնող  ճառագայթ...Պատկերացնում  եք  թռչունների  այդ  կենսաթրթիռ  ու  քաղցր  ծլվլոցը...այն  նման  է  ջութակի  ամենանուրբ  նյուանսի  միալար  ձայնին...Օ, ոչ, ներեցեք  ինձ, դա  շատ  կոպիտ  համեմատություն  էր...այն  անհամեմատելի  է, բնական  և  ոչ  մարդկային...



     Այդպես  հոգեթև  տրամադրությամբ  շարունակում  եք  քայլել...հասնում  եք  ձեր  ամենասիրելի  ժայռին...Օ, ոչ, նա  իմն  է, իմը...սպասեցեք...խնդրում  եմ, թույլ  տվեք, որ  ես  հիանամ  այդ  սքանչելի  հրաշքով ...Բոլորը, բոլորը` ձեզ...միայն` սա  թողեք  ինձ ...միայն  սա...Դուք  մնացեք  ձեր  բնական  ծաղկանոցում, վայելեցեք  ինչ  հաճո  է  ձեր  սրտին, գուրգուրեք  ծաղիկները` որքան  կցանկանաք, արբեցեք  նրանց  բույրով` որքան  ձեր  ուժերը  կներեն...Իսկ  ես  կգնամ  առաջ...Միևնույն  է, դուք  իմ  հսկային  համակրել  չեք  կարող...նա  ձեզ  համար  ոչինչ  չարժե...ես  կպատմեմ  նրա  մասին...
     Նա  այնքան  բարձր  է, այնքան` հպարտ...գտնվում  է  անդունդի  անմիջական  եզրին, հսկում  է  ողջ  Սյունիքը...Ոչ  մի  ժայռ  նրա  բարձրությունը  չունի...ոչ  մի...Նա  իր  վայրի  գեղեցկությամբ, սլացիկ  հասակով, ծալքերի  համաչափ  կառուցվածքով  գերազանցում  է  բոլորին...Բնությունը  նրան  օժտել  է  գեղեցկության, վեհության  անվիճելիությամբ...Նրա  մարմինը  մանուշակագույն  է, փայլուն, կանաչ  զմրուխտե  գորգը  հոգատարությամբ  շրջապատել  է  մինչև  գոտկատեղը/ պատկերացնում  եք?- բնական  մերկությունը  ծածկելու  համար , երևի  բնությունն  էլ  է  դրա  անհրաժեշտությունը  տեսնում / ...Նրա  լայն  կրծքի  մազանման  ճեղքերից  հազարավոր  գունավոր  ծիլեր  վարդի  փնջերի  նման  զարդարում  են  կուրծքը, իսկ  բրգաձև  գագաթը , ինչը  նապոլեոնյան  գլխարկ  է  հիշեցնում, առավոտյան  ծեգին  խրված  է  լինում  ամպերի  մեջ. նա  այդ  ժամանակ  դեռ  նիրհում  է, կամ` Աստծո  հետ  խորհրդակցում...
     Եվ  երբ  մթնոլորտի  ջերմությունը  սկսում  է  տաքանալ, այդ  դեպքում  ամպերը  շոյելով  նրա  գլուխը  ծուլորեն  բարձրանում  են...Արևը  առաջինն  է  նրան  ողջունում  ու  շարունակում  իր  հավերժական  ճեմը...Արևածագից  մի  քանի  րոպե անց  կապույտ  հորիզոնից  դեպի  հսկան  է  սահում  նուրբ  մառախուղի  մի  թանձր  շղարշ...Նա  հասնելով  վեհին  դանդաղեցնում  է  իր  ընթացքը  և  հետզհետե  իր  հոլանի  բազուկներով  օղակում  նրա  պարանոցը...Նրանք  համբուրվում  են...նա  երկնային  հավերժահարսն  է...Սիրո  ինչ  անկեղծության  պատկեր...ինչ  երանելի  ժամանակաշրջան...
   


      Արթնանում  է  բնությունը  և  բնության  զարթոնքի  հետ  արթնանալով  հսկան, մի  խոժոռ  հայացք  է  գցում  իր  շրջապատի  վրա, ստուգում  է, թե  գիշերը  որևէ  անկարգություն  չի  եղել ?......Տեսնելով, որ  բոլորն  էլ  խաղաղությամբ  վայելում  են  կենարար  արևի  ջերմությունը, ինքնագոհ  ժպտում  է...Վերջինս  սկսում  է  շնչել  ...շնչում  է  լիաթոք, անկաշկանդ, համաչափ...Այնուհետև  խայտաբղետ  թռչունները  սկսում  են  ծլվլալով  թռչկոտել  նրա  մի  ուսից  մյուսը. նրանք  զվարճացնում  են  հսկային...Հզոր  արծիվը, որի  բույնը  գտնվում  է  ժայռի  անմատչելի  ծերպերում, մի  պտույտ  գործելով  երկնակամարում, հպարտությամբ  իջնում  է  հսկայի  ուսին  ու  այնտեղից  խրոխտ  ու  ինքնավստահ  նայում  շրջապատին...Երկուսն  էլ  լրացնում  են  իրար, երկուսն  էլ  փոխադարձաբար  գոհ  են  միմյանցից...մեկը,որ  կրում  է  նրան, մյուսը,որ  հպվում  է  նրան...Եվ  այդպես  նրանք  մարմնավորում  են  հզորության  ու  վեհության  խորհրդանիշը...


     
      Իսկ  ներքևում  նրանց  ոտքերի  տակ  փոքր  առվակի  քչքչան  աղմուկն  է, ծտերի  սուլոցը, ագռավների  կռինչը, վայրի  մեղուների  բզզոցը,որոնք  մի  ամբողջ  սիմֆոնիա  են  կազմում  նրանց  շուրջը...Նրանք  վերարթնացնում  և  թարմացնում  են  Սյունաց  պարծանքին...Բնության  բոլոր  արարածները  այնպես  սիրում  են  նրան, անգամ` խոնարհվում  հսկայի  առաջ...Բայց  նա  այնքան  բարի  է, այնքա~ն  հրապուրիչ  ու  երիտասարդ... Ես  շատ  ու  շատ  գիշերներ  քնել  եմ  նրա  ամրապինդ  բազուկների  վրա, լուսացրել  նրա  գրկում...Այնտեղ  գիշերը  կատարյալ  անդորր  է  սփռում...մանավանդ, երբ  լուսինը  զգուշորեն  լողալով  լեռների  արանքից, իր  փափուկ  ու  արծաթագույն  շողերով  լուսավորում  է  շրջապատը...Ոչ  մի  արարած  տեղից  չի  շարժվում...միայն  գիշերային  հերթապահ  բուն, որին  << խորամանկ  աչք >>  եմ  անվանում, մեկ-մեկ  ճչում  է` իր  գոյությունը  հիշեցնելու  համար ...



      Վերջապես,  այդ  հրաշքները  վայելելուց  հետո  հոգնած, բայց` թարմ  տպավորությամբ  վերադարձա  տուն` տեղեկանալով  ձեր  անկումնային  տրամադրության  մասին...հուզվեցի  և  տպավորություններս  գրի  առնելով, որոշեցի  այն  որպես  դեղամիջոց  մատուցել  ձեզ...Կարծում  եմ, որ  այն  ընդունելուց  հետո  ձեր  տրամադրությունը  կատարյալ  կլինի...Խնդրում  եմ  հայտնեք, թե  ինչպես  եք ?...
                                                                                                              / 01.05.1963թ. /


     Սվետայի  նամակն  ուղարկեցի ...Նա  հասկացողության  միակողմանիություն  ունի...Բայց  նրա  հեռանկարային  ուղեղում  արդեն  նկատվում  է  ստեղծագործական  կենդանի  երիզների  ճյուղավորություն...Դրանք  առողջ  ծիլեր  են, որոնց  լավ  սնելու  դեպքում  բազմակողմանի  զարգացման  ընթացք  կապրեն...
                        Ուրեմն, ցանկանամ  գիտական  սնունդ...
                        Կեցցե  ուսումը...կեցցե  մտքի  / ուղեղի /  մարզանքը ...                           
                                                                                                             / 01.06.1963թ /


     Հավանական  է  մոտ  ժամանակներս  թոթափեմ  տառապանքի  ծանր  շղթան...արդեն  պատրաստվում  եմ  կրելու  ազատության  ոսկե  շղթան...
                                                                                                            / 02.06.1963թ.
     Զու~ր  հույսեր ...
                                                                                                            / 01.06.1963թ. /



      Եթե  ես  համալսարանում  սովորեի , Աստված  վկա,  ամբողջ  օրը  կտքնեի  գրքերի  վրա ...Իսկ  դուք  գիտական  հյութեղ  սնունդը  ըմբոշխնելու  փոխարեն  միայն  լողում  եք  գիտական  ավազանում...Այո, Սվետա,  համալսարանում  սովորելը  շատ  մեծ  բան  է...այն  շատ  բան  է  տալիս  մարդուն...
     Ես  էլ  տարիներ  առաջ  կյանքին  մի  կողմից  և  մի  տեսանկյունից  էի  նայում...միայն  դիտում  էի  և  այն  էլ` արևային  ակնոցներով...Ընդհանրապես  զգույշ  եղեք  կյանքի  հարվածից...Այն  շատ  խորամանկ  հարվածող  է  և`  պահանջկոտ ...Փաստերն  են  վկա, որ  ակնթարթում  նա  կարողանում  է  մարդկանցից  խլել  այն, ինչ  ձեռք  է  բերվել  դարերի  ընթացքում, իսկ  տարիների  ձեռք  բերածի  համար  նրան  միայն  կես  շունչ  է  հարկավոր...չէ  որ  նա  շնչում  է  տիեզերական  թոքերով...
     Իհարկե, գիտեք, որ  կյանքից  պետք  է  պոկեք  թե  հարուստ  գիտելիքներ, թե  ուժ, թե  վայելք...դա  է  ձեր  երկուսի  միջև  եղած  պայքարի  իմաստը,  և  դուք  պայքարում  եք, բայց`  թույլ...Բնությունը  ձեզ  տվել  է  պայքարի  զենքեր` առողջ  դատողություն, ճկուն  մտածելակերպ, երիտասարդություն, ձիրք, ձգտում  և  աշխատանքային  եռանդ...Պայքարի  ընթացքում  չի  երևա  ձգտումն  ու  եռանդը, ուստի  միաձուլեք  դրանք...իսկ  թե  ով  կհաղթի` ցույց  կտա  ապագան...
     Սվետա, վերջին  ժամանակներս  գիշերները  չեմ  կարողանում  քնել. անցյալի  էջերը  քաղցր  հուշեր  են  արթնացնում  մեջս...նայում  եմ  ներկայիս  ու  տեսնում, թե  ինչպես    կյանքի  հորձանուտ  ալիքների  վրա  որպես  մի  բմբուլ    օրորվում  եմ  ես...Է~,- ասում  եմ,  կյանք, որքա~ն  զվարճասեր  երեխա  և  գազան  ես  դու...ուր  ես  ինձ  քշում ?...Միայն  կյանքի  մռնչյունն  եմ  լսում...ուրիշ  ոչի~նչ ...
     Կյանքի  մասին  շատ  կարող  եմ  խոսել, բայց  չունեմ  ձեր  նման  հղկված  ու  կոկիկ  լեզու...Լեզվի  շարահյուսական  կառուցվածքը  որոշ  չափով  բացակայում  է  ինձ  մոտ...Ահա, թե  ինչով  կարող  եք  օգնել  դուք  ինձ ...Աստված  ձեզ  պահապան...
                                                                                                                      / 18.06.1963թ. /




                                                                          ՀՐԱԺԱՐԱԿԱՆ  ՆԱՄԱԿ

         
      Երբ  Սվետայի  հրաժարական  նամակը  ստացա, սկզբից  կարծես  ոչնչով  չազդեց  այն  ինձ  վրա...նույնիսկ  փորձեցի  ծիծաղել...Դա  ինձ  հաջողվեց  միայն  այնքան, որքանով  համոզեցի  ընկերոջս, որ  < տարված > չեմ  նրանով...Անցան  ժամեր...նույն  անտարբերությամբ  շարունակում  էի  քայլել  բակում  ...Չէի  ուզում  հիշել  նամակն` իր  բովանդակությամբ  հանդերձ...Ճեմում  էի  ընկերոջս  հետ  ու  խոսում  ազատության  մասին  վերին  աստիճանի  անբռնազբոս  ու  ցվրված...Պատճառը  նամակը  չէր, այլ  այն, որ  բնազդով  ինչ  որ  տխրություն  էի  կռահում...
     Ինձ  հայտնեցին, որ  հանձնաժողովը  մեկ  ամսով  ևս  հետաձգել  է  վաղաժամ  ազատել  ինձ...Մի  տեսակ  թեթևություն  զգացի...այդպես  լինում  է, երբ  կարևոր  մի  խնդրի  լուծումից  եմ  ազատվում...լինի  լավ, թե`վատ...
     Կրկին  ձեռքս  գրպանս  սահեցրեցի  ...թղթի  շոշափյուն  զգացի...նամակն  էր...նորից  կարդացի...Չէի  ուզում  հավատալ...կարծես  վերջապես  համոզվեցի, որ  էլ  չի  գրելու...Կրկին  տխրություն  համակեց  ինձ...Նրա  նամակներն  ինձ  ուրախացնում  էին  իրենց  նորություն-արտակարգությամբ...
     Ինքս  Սվետային  ճանաչել  եմ  որպես  վայրի  թռչնակի ...ինչ  որ  վայրի, միամիտ  ու  անկեղծ  բան  եմ  նկատում  նրա  մեջ...Եվ  հենց  այդ  մանկական  վայրենությունն  է  հետաքրքրության  դրդում  նրա  նկատմամբ...
    Այստեղի  աղջիկների  հետ  ևս  նամակագրության  մեջ  եմ, բայց  նրանք  ինձ  չեն  գրավել  երբեք, քանի  որ  ավելի  շատ  կրքոտ  են, քան` ՀԵՏԱՔՐՔԻՐ ...Ջ-ին  անձամբ  նամակը  հանձնելիս  երեսին  էլ  չեմ  նայում, Դ-ին  անվանում  եմ  ջորու  նման  քայլող-մտածող, Հ-ին` զուրկ  ուղեղի  ծալքերից  և  այլն  և  այլն...Չնայած, բոլորն  էլ  ունեն  գեղեցիկ  կազմվածք, հղկված  ոտքեր, հագնվում  են  ժամանակի  պահանջով, խոսում  են  այնքան  պարզ, որքան  ինձ  պետք  է, անկեղծ  են  չափից  դուրս, ինչն  ինձ  զզվեցնում  է  և  հիասթափեցնում...
     Զգում  եմ, որ  էլ  չեմ  հանդիպի  նրա  դրամատիկ  տողերին, չեմ  լսի  նրա  հնչեղ  ձայնը, երբեմն  էլ`փսփսուն  տողերը, նրա  շոյիչ  հումորը ...



                                                                              ԱՉՔԵՐԻ  ՆԿԱՐ


     Ինչ  ուզում  է  լինի` ձեր  անկեղծ  ու  պարզ  բնավորությունը  իմ  մեջ  համակրանք  է  առաջացնում...և  դա  լավ  է, շատ  լավ...
     Իսկ  այն  վերջին  տողը, որտեղ  ասում  եք`< մի  թե  աչքերս  քեզ  ոչինչ  չեն  ասում ?>...պետք  է  ասեմ, որ  դեռևս  ոչինչ  չեն  ասում, քանի  որ  ես  այդ  աչքերը  չեմ  տեսել...Բայց  հույս  ունեմ, որ  ինձ  այդ  բախտին  կարժանացնեք  նամակիս  պատասխանը  ստանալու  ժամանակ, և  ես  այդ  դեպքում  ձեր  աչքերի  մասին  կասեմ  այն, ինչ  որ  ԿՀԱՂՈՐԴԵՆ  ՆՐԱՆՔ  ԻՆՁ ......




                                                                                 ՆԱՄԱԿ


     Այդ  օրը  արևն  այնքան  գրավիչ  էր  փայլում, այնքան` շռայլորեն, որ  եթե  հայացք  ձգեիք  մեզ  շրջապատող  երկնաքեր  սարերի  գագաթներին, որոնք  իրենց  վրա  են  կրում  ձյան  հսկայական  շերտերը, կկարծեիք, թե  աշխարհում  ձմեռ  ընդհանրապես  գոյություն  չունի...
     Այդ  օրը  ատամնացավի  պատճառով  ծվարել  էի  անկողնում...Հանկարծ  ինձ  հասավ  փոստատարի  զրնգուն  ձայնը ...Նամակն  արդեն  իմ  ձեռքերում  է ...Ինձ  շրջապատեցին  իմ  բարեհամբույր  ընկերները ...Նամակը  նրանից  էր, որին  անհամբեր  սպասում  էին  բոլորը ...
     Սրտի  թրթիռով  բացեցի  այն...ատամի  ցավը  դիմեց  փախուստի ...ինձ ...ինձ  հետաքրքրում  էր  միայն  ձեր  նամակը ...
     Այդ  օրը  ուրախ  էր  մինչև  ուշ  գիշեր ...Նամակին  պատասխանում  եմ  տող  առ  տող...մեծ  սիրով  ու  եռանդով...Հավատացած  եղեք, որ  այդպես  էլ  կշարունակվի ...
     Ես  25  տարեկան  եմ, ամուրի...Վերջացրել  եմ  միջնակարգը  և  սովորում  եմ  շինարարական  տեխնիկումի  3-րդ  կուրսում...Աշխատել  եմ  տարբեր  տեղեր...Օրվա  մեծ  մասը  <վատնում  եմ >  գեղարվեստական  և  հոգեբանական  ընթերցանության  վրա ...Գրքերի  հետ  համաչափ  սիրում  եմ  երաժշտությունը , որոնք  ինձ  իրենց  փափուկ  ալիքների  վրայով  այլ  աշխարհ  են  նետում, ստիպելով  մոռանալ  ինձ  համար  դաժան  իրականությունը ...
     Ստեղծագործել  սկսել  եմ  վաղ  տարիքից... Մենք  կարող  ենք  կարծիքներ  փոխանակել  մեր  կարդացած  գրքերի  շուրջ...Ինչն  է  ներկայումս  ձեզ  հետաքրքրում ?...Էկզոտիկ  կինոդիտումները  հետաքրքրում են  ձեզ?...
     Լսեք,թե  ինչ  կարծիքներ  ենք  փոխանակել  ձեր  նովելի  շուրջ ...Ոմանք  ասում  էին, թե  այն  կարդացվում  է  բանաստեղծական  առոգանությամբ, գրված  է  բանաստեղծական  և  կուսական  հոգով / <ճերմակ  հանդերձով  հարսնացու  լինելը  բնական  ցանկություն  է  յուրաքանչյուր  կույսի  համար > /  , մյուսը  պնդում  էր, որ  այն  գրվել  է  խղճի  ազատ  իրավունքով  և  այլն  և  այլն ...

     Ահա  այն  կարծիքները, որոնք  հետաքրքրել  են  ձեզ...Ասացեք, խնդրեմ, հարգելի  Սվետլանա,  արդյոք  ձեր  սոցիալական  պայմաններն  էին  պատճառը, որ  դուք  կյանքը  մոխրագույն  տեսաք, թե` կյանքի  հաճույքից  սայթաքելուց  հետո  նկատեցիք  այն. չէ  որ  դուք  դեռ  ծաղկում  եք, դեռ  բուրում  եք  ամենուրեք  և  կյանքի  խոչընդոտների  վրայից  կարող  եք  սահելով  անցնել` առանց  կարևորություն  տալու  դրանց...

     Հարկ  է  ասեմ, որ  կյանքի  իրականությունը  թեև  ունի  խոչընդոտներ, բայց  գեղեցիկ  է, հրապուրիչ...և  եթե  այն  փոփոխական  չլիներ, կդադարեր  ընդհանրապես  հետաքրքիր  լինել...Արդյոք  այդպես  չէ?...
     Դուք  ճիշտ  եք  ասում, որ  գեղեցիկը  տեսնելու  համար  տարիքը  նշանակություն  չունի: Բայց  տարբեր  մարդկանց  մոտ  տարբեր  նկարագրություն  է  ստանում  գեղեցկությունը,  և  տարբեր  ներշնչման  ու  արտահայտման  աղբյուր  է  հանդիսանում  այն...Օրինակ` յասամանի  ճյուղը  ես  կարող  եմ  նկարագրել  մի  ձևով, իսկ  դուք` բոլորովին  այլ  ձևով  , չնայած, երկուսս  էլ  գովերգում  ենք  նրա  գեղեցկությունը ...

          Կյանքի  գեղեցկությունը  միշտ  էլ  դժվար  է  եղել  գտնել, որովհետև  այն  նույնպես  փոփոխական  է, ինչպես  կյանքը ...Բայց  փնտրիր, որ  գտնես  ու  վայելես  այն...որ  կյանքի  մոխրագույն  պատկերը  քո  փայլուն  աչքերի  հավերժական  սեփականությունը  չդառնա...չէ  որ  գեղեցիկի  ներշնչման  ճաշակումը  մարդուն  գեղագիտական  հաճույք  պատճառելուց  բացի  տալիս  է  նաև  ՀՈԳԵԿԱՆ  ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ...Այո, դա  անվիճելիորեն  այդպես  է,  և  դա  իմ  սեփական  համոզմունքն  է ...

     Ձեր  երկու  արձակ  բանաստեղծությունները  տարբեր  տրամադրություններ  են  արտահայտում  ու  տարբեր  խոհերով  պաշարում  մարդու...և  ինձ  թվում  է, թե  երկուսն  էլ  լիրիկական  են  ու  ինքնակենսագրական  բնույթ  են  կրում...Արդյոք  դա  այդպես  է ?...
     Առաջին  ստեղծագործության  մեջ  բանաստեղծի  սիրտը  լցված  է  անհուն  ուրախ  բերկրանքով, որը  թափանցելով  հոգու  խորքը, ալեկոծում  է  այն, ստիպելով  մերթ  լռել, մերթ` ճչալ...
     Իսկ  երկրորդը  սպասողական  հետաքրքրություն  է  առաջ  բերում  և  վերջանում  նույնությամբ...


                                                                               ՊԱՏԱՍԽԱՆ


     Սվետայի  նամակը  ստացա` հետն  էլ  երկու  նկար ...մեկը  սեղանի  մոտ  նստած  ընթերցելիս, իսկ  մյուսը` կանգնած  վիճակում...Բայց  այս  նամակը  բոլորովին  ռեակցիոն  է  և  այլ  բնույթ  ունի...Ըստ  նկարի`  նա  զուսպ,  հավաքված,  համեստ,  չափավոր  շարժ  ու  ձևի, սառնարյուն, ճարպիկ  ու  ճկուն  մտքի  տեր  մի  աղջիկ  է...կարողանում  է  նամակի  բովանդակությունից  կողմնորոշել  իր  հարձակման  կետը...Չնայած  սառնարյուն  է, բայց  համառել  ու  վիճել  չի  սիրում, իսկ  զայրացկոտությունը  նրա  մոտ  սկսվում  է  բռնկումով  և  ինչ  որ  վրեժխնդրությամբ  է  լցված  դեպի  երիտասարդ  տղան, որովհետև  մեկը  նրան  խաբել  է  երևի ...
                                                                                                                         / 29.01.1963թ./


     


     Սվետայի  նամակը  ստանում  եմ  իրար  հետևից, բայց  պատասխանում  եմ   բոլորովին  ուշ...Փետրվարի  17-ին  նորից  ստացա  նամակը, որով  որոշ  տեղեկություն  իմացա  նրա  գիտելիքների  մասին ...Նամակի  վրա  աշխատեցի  10  օր, որից  2  գիշեր  լուսացրի  գրիչը  ձեռքիս...Նա  իր  նամակով  ստիպեց  ինձ  մտածել  երկար...  աշխատանքի  վայրում, ջուր  խմելիս, ծխախոտ  վառելու, շունչ  քաշելու  ընթացքում  անգամ  նա  մտքիս  հորիզոնից  երբեք  չհեռացավ ...Բայց, վերջ ի վերջո, իմ  ցանկացածը  գլուխ  բերեցի...Այդ  նամակով
     մերթ  կոպտել  եմ, մերթ` շոյել ,
     մերթ  էլ` սահուն  շպրտել
     սուր  խոսքերի  մի  շարան
     ու  նայլոնե  մի  պարան / որ...կախվի / ...
     Նա  ինձ  համար  ուսումնասիրության  օբյեկտ  է ...նրա  միջոցով  որոշ  տեղեկություններ  եմ  հավաքում  կանանց  բարդ  հոգեբանական  աշխարհի  մասին...Նրան  գրած  իմ  նամակները  բոլորն  էլ  մի  սխեմայով  են, որը  ինքս  եմ  կառուցել  ...դա  որոշ  չափով  օգնում  է  ինձ  նրան  ճանաչելու  հարցում...



     Խառն  է  ինձ  մոտ  թե  տրամադրությունս, թե` պատկերացումներս...և  թե`  ամեն  ինչ...բազմահույզ  վայրկյանները, ձյունաթրթիռ  րոպեները  անընդհատ  ինձ  մղում  են  զբաղմունքի  տարերքի  մեջ...
     Մերթ  կարդում  եմ, մերթ` մտածում ,
     Մերթ  գրում  եմ  ու  խորհում ,
     Մերթ էլ` ինչ  որ  շատրվանի
     ցայտերի  տակ  գեղանի
     կոհակաքայլ  մրմունջով ,
     սառ  հայացքի  շողերով ,
     ստվերի  պես  մի  սահուն
     եթերով  եմ  թափառում...
     Ու  չգիտեմ` ՈՎ  ԵՄ  ԵՍ ... / 27.02.1963թ. /