Իմ նամակները

      Ստացա  գրածդ  նամակը ,որի  համար  ուրախ  եմ, որովհետև  այն  կարծիքը,ինչ  ունեցել  եմ  քո  հանդեպ, ավելի  է  ամրապնդվում  և  հաստատվում...Քո  զգացմունքը  անբաժանելի  է, դու  միակն  ես,որ  հասկանում  ես  ինձ առանց  աղավաղումների...դու  տեսար,որ  ես  իջա  կյանքի  հատակը  և  հասկացար,որ մարդու  խոշորագույն  ողբերգությունը  ոչ  թե  մահն  է, այլ`կյանքի  թշվառությունը ...Եվ  հենց  թշվառությունն   է  ծնեցնում  ազնվագույն  ատելություն  դեպի  չարագործը, դեպի  ոչ  մարդկային  գործերը ...Եվ  ես  ատելությամբ  եմ  լցված  դեպի  հանցագործության  ճահիճը  ցույց  տվող  ամեն  մի  ստորի  հանդեպ...



    

      Եղբորս  նամակը  ուշագրավ  էր  ու  խրատական...Խորհուրդը  և  խրատը  կյանքի  ուղեկիցներն  են...Կյանքը  ամենամեծ  պայքարն  է  բնության  մեջ, ուստի  նա  կապրի  և  կհաղթի, ով  ընդունակ  կլինի  պայքարելու...Բնության  մեջ  էլ  է  այդպես` վատին  փոխարինում  է  լավը  և` հակառակը ...Նշանակում  է, որ  պայքարը  պսակվում  է  փոփոխական  հաղթանակներով  և  մեկը  մյուսին  հավերժ  չի  զիջում .../ 29.01.1963թ./



      Օրը  կիրակի  է: Մի  թեթև  հանգստացել  եմ  և  ուզում  եմ  մի  քանի  մտքի  շարադրանք  արտագրել  գլխիցս...Սե_ից  ստացա  նամակիս  պատասխանը , որի  մեջ  ցուցմունք  էր  տալիս  < Հանցագործը > պատմվածքի  շարունակման  համար:Պետք  է  ասեմ, որ  այդ  հոգեպես  առողջ, մտքով  գեղեցիկ  տղան, որին  ես  ընկեր  ճանաչեցի  1961թ., շատ  է  ինձ  ուրախացնում, երբ  իրենից  խորհուրդ  եմ  հարցնում  իմ  գրած  տողերի  համար: Իմ  վերջին  պատմվածքը  այսօր  որոշեցի  այլևս  չշարունակել, քանի  որ  շատ  բարդ  թեմա   էի  ընտրել  և  անհնար  եղավ  հոգեբանական  վերլուծությունը  զարգացնել:
     Երեկոյան  ֆիզիկական  աշխատանքից  հետո  ինձ  համար  դժվար  է  զբաղվել  գրական  գործերով...Աչքերս  սկսել  են  ինձ  քիչ  օգնել  և  դադար  են  պահանջում: Ես  ստիպված  եմ  նրանց  ցանկությունը  կատարել, քանի  որ  դրանք  հետագայում  էլ  են  ինձ  պետք  գալու:
     Եղանակները  սկսել  են  խառնվել...Սպիտակ  մառախուղը  օրերով  շրջապատման  մեջ  է  պահում  ողջ  տեսադաշտը, իսկ  անձրևափոշին  թափվում  է, թափվում  անընդհատ ...





      Յուրաքանչյուր  մարդու  կյանքում  կա  օր, որը  շրջադարձային  է  դառնում  հետագա  կյանքի  համար:Այդ  օրը  դառնում  է  դատավճիռ` ոմանց  բարձրացնում  փառքի, երջանկության, բարեկեցության  գագաթնակետին, ոմանց  էլ` գցում  կյանքի  ամենակուլ  հորձանքների  մեջ, նսեմացնում  նրանց...Այդպիսի  օր  եղավ  և  իմ  կյանքում...Ես  պատկանում  եմ  այն  մարդկանց  թվին, որոնց  ճակատագիրը  դատապարտել  է  նսեմության, ստորացրել  հասարակության  աչքում...
   1958թ.  մայիսին  կատարածս  հանցագործության  համար  ես  պատժվեցի  արժանավույն...թերի  մնաց  ուսումս, հոգեկան  ապրումներս  սրվեցին...Սակայն  հոգեկան  տառապանքը  ինձ  չգայթակղեց, համեմատաբար  կարճ  ժամանակամիջոցում  ես  ի  վիճակի  եղա  հանգել  եզրակացության, այն  է` վերադաստիարակված  մարդ  դառնալ, թերի  ուսումս  շարունակել  և  կալանքը  կրելուց  հետո  մտնել  կյանքի  իսկական  ասպարեզ...
    Կալանավայրում  սկսեցի  սովորել, ընդունվեցի  10-րդ  դասարան  և  1961թ.  ավարտեցի  այն  բավական  հաջող  կերպով: Բայց, ցավոք  սրտի, հասունության  ատեստատ  չստացա  իմ  9-րդ  դասարանը  ավարտելու  մասին  տեղեկանք  չլինելու  պատճառով ...

   Քաղաքացի  մինիստր, չգիտեմ` ձեզ  արդյոք  հասկանալի  կլինեն  հոգեկան  այն  ապրումները, որ  ունեցել  եմ  ես  և  որոնց  ազդեցության  տակ  գրում  եմ  այս  տողերը: Համենայն  դեպս, կարծում  եմ, որ  անտարբերություն  դեպի  իմ  անձն  ու  ապագա  կյանքը, չեք  ցուցաբերի: Ուստի  ձեզ  եմ  դիմում  իմ  հասունության  ատեստատի  հարցով, որպեսզի  դուք  ավելի  լավ  ճանաչեք  ինձ  և  չսխալվեք  իմ  հարցում: Հարկ  եմ  համարում  որոշ  տեղեկություններ  տալ  ձեզ  իմ  մասին...

   Կյանքում  ողբերգական  էջեր  շատ  եմ  ունեցել, դժվարությունների  շատ  եմ  հանդիպել: Եղել  է  ժամանակ, որ  խոր  հուսալքություն  եմ  ապրել, ամիսներով  իմ  դեմքին  ժպիտ  չի  փայլել ...Չունևորության  պատճառով  զուրկ  եմ  եղել  կուլտուրհասարակական  վայրեր  հաճախելու  հնարավորությունից ...19  տարեկան  հասակում  զրկվել  եմ  հորից ...կալանավայրում  իմացա  նրա  ողբերգական  վախճանը ...
 
   Չէի  ընկճվում  դժվարություններից, մաքառում  էի  ` հասկանալով, որ  միայն  աշխատանքով  կարող  եմ  երջանիկ  լինել :Նախքան  կալանքը  աշխատել  եմ  գործարանում, որպես  խառատ, ավտովարորդի  կուրսերն  ավարտելուց  հետո  ` որպես  վարորդ: Կալանավայրում  գիտակցեցի  կյանքի  իմաստը: Ինչպիսի  վեհ  զգացմունքներով  էի  հաճախում  դպրոց :Ցանկություն  ունեմ  ուսումս  շարունակել  ԲՈՒՀ-ում / հեռակա /, ինչը  հետաձգվում  է  տեղեկանք  չլինելու  պատճառով ...

    Ես  այժմ  համակված  եմ  ամենաազնիվ  գաղափարներով, ցանկանում  եմ  այնպիսի  գործ  անել, ինչն  իր  փայլով  կնսեմացնի  իմ  տխրահռչակ  անցյալը ...Ես  ծարավ  եմ  ուսման  և  իմ  ծարավը  հագեցնելը  ձեզանից  է  կախված...Իմ  ատեստատը  դուրս  է  գրված, մնում  է  այն  հանձնել  ինձ, որպեսզի  ես  կարողանամ  շարունակել  ուսումս...Այն  ինձ  համար  կլինի  կյանքի  ուղեգիր ...

    Խնդրում  եմ  մտնել  իմ  դրության  մեջ  և  ցույց  տալ  այդ  օգնությունն  ինձ...Ես  կարդարացնեմ  ձեր  վստահությունը, ջանք  չեմ  խնայի  սովորելու  համար...Կդառնամ  լիարժեք  սովետական  քաղաքացի ...